ՀՀ կառավարությունն իր այսօրվա` հուլիսի 22-ի որոշմամբ 27-ամյա թավջութակահար Վահե Ռոստոմյանին ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշումը պատճառաբանեց նրանով, որ Վ. Ռոստոմյանը Հայաստանում եւ արտերկրում շարունակում է ըստ արժանվույն ներկայացնել հայ երաժշտարվեստը, եւ նրա համար միջնորդել են մի շարք հայտնի մշակութային գործիչներ։ Ներկայում Վ. Ռոստոմյանն ուսանում է Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում։ Նրան է վստահված ՀՀ մշակույթի նախարարության հազվագյուտ նվագարանների հավաքածուի՝ 18-րդ դարի իտալացի վարպետ Նիկոլո Գալիանոյի թավջութակը։

Վ. Ռոստոմյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  ազատումը պայմանավորված է նաեւ նրանով, որ 2010-11 թթ. նա հրավիրված է ելույթներ ունենալու Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, մասնակցելու է Եվրոպայում եւ Ամերիկայում կազմակերպվող միջազգային մրցույթներին եւ փառատոններին: Նույն համերգաշրջանում Հայաստանում եւ արտերկրում ծրագրված են նրա ելույթները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում:

Նախկինում կառավարությունը 2 անգամ Ռոստոմյանին զինվորական ծառայությունից տարկետում էր տվել։