Պաշտոնական տվյալների համաձայն, տեղական արտադրության ձուկը, մեկ տարի առաջվա համեմատ, փետրվարին էժանացել է: Այսպես, մայրաքաղաքում չուքայի («ստերլետ») մեկ կիլոգրամի գինը նվազել է 432 դրամով, Սեւանի իշխանինը՝ 134 դրամով:
Նույն ժամանակահատվածում թանկացել է ներկրվող սառեցված ձուկը: Մի շարք գործոններից բացի, ազդեցություն է ունեցել նաեւ հանրապետության բնակչության իրական գնողունակության նվազումը: Դրա հետեւանքով թանկարժեք ձկնատեսակների պահանջարկը փոխարինվել է համեմատաբար «էժան» տեսակների պահանջարկով:
Մեր ձկնաբուծական ընկերությունները մեծ հույսեր են կապում ռուսական մեծ շուկայի հետ: Ռուսաստանում ձկան ռեսուրսները բավարար են. այստեղ արտահանման ծավալները գրեթե 2 անգամ գերազանցել են ներկրման ծավալներին: Խնդիրն ընդամենը տեսականու մեջ է, ինչպես նաեւ Հեռավոր Արեւելքից Ռուսաստանի եվրոպական հատված ձկնեղենի փոխադրման հետ կապված դժվարությունները:
Սրան պետք է ավելացնել մեր հյուսիսային հարեւանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրներից պարենամթերքի ներկրման էմբարգոն (այդ թվում՝ ձկան): Մասնավորապես, դադարեցվել է Նորվեգիայից ձկան ներկրումը, որը Ռուսաստանի ձկան խոշորագույն մատակարարն էր: 2013 թվականի տվյալներով, սկանդինավյան այդ երկիրը Ռուսաստան 295 հազար տոննա ձուկ եւ ծովամթերք է ներմուծել (այդ թվում՝ նորվեգական սաղմոն, որը մեծ տարածում է վայելում ռուսաստանցի սպառողների շրջանում):
Ռուսաստանցի փորձագետների կարծիքով, չնայած երկրում ձկնարտադրության բավականաչափ մեծ ծավալներին, որոշ տեսակներ (օրինակ՝ սաղմոն եւ իշխան) չեն կարող փոխարինել նորվեգական տեսակներին, եւ խնդիրը կարելի է լուծել միայն ներմուծման միջոցով: Մեր ներդրումը, իհարկե, բավական համեստ է: Անցյալ տարի Հայաստանը 2274.6 տոննա ձուկ է արտահանել, եւ գրեթե ամբողջ ծավալը (99.96%)՝ միայն Ռուսաստան:
Մեր երկրում շուրջ 150 ձկնաբուծական տնտեսություն կա, որոնց հիմնական մասը չի կարելի «խոշոր» անվանել: Այդ տնտեսությունների խոշորացման մասին կարծիք կա՝ դրանց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու եւ արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով: Այդ դեպքում, իբր, կնվազեն նաեւ ձկնամթերքի գները՝ ի օգուտ ինչպես տեղական, այնպես էլ ռուսական գնորդների:
Սակայն խոշորացման ճանապարհով գնալու դեպքում ոլորտը կմենաշնորհայնացվի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այնպես որ՝ ավելի լավ է չխթանել խոշոր տնտեսությունների կողմից փոքրերի կլանումը, այլ պետական աջակցություն ցուցաբերել վերջիններին: Բայց ամեն ինչ ճիշտ հակառակն է արվում:
Ոչ վաղ անցյալում ձկնաբուծական տնտեսություները, կառավարության որոշմամբ, պետք է անցնեին ջրամատակարարման կիսափակ համակարգի: Իսկ դրա համար թանկարժեք սարքավորումներ են անհրաժեշտ, որոնք հասանելի են միայն խոշոր ձեռնարկություններին: Արդյունքում մի շարք փոքր տնտեսություններ դադարեցրեցին գործունեությունը:
Մեկ այլ խնդիր էլ կապված է հանրապետությունում արտադրանքի սպառման հետ: Սուպերմարկետների մայրաքաղաքային ցանցերը (որոնք կենդանի ձուկը պահպանելու հնարավորություն ունեն) արտադրանքի գնման սեփական պայմաններն են թելադրում ձկնաբույծներին: Այս հանգամանքը, բնականաբար, գործում է ոչ միայն ձկնեղենի, այլեւ տեղական արտադրողներից ձեռք բերվող բոլոր ապրանքների պարագայում:






























