Տաքսի վարելու մասին լիցենզավորման նոր կարգի վավերացումից հետո տրանսպորտի նախարարությունը պետք է ստուգայցեր կատարի դաշտը վերահսկելու եւ առանց լիցենզավորման աշխատող վարորդներին պատասխանատվություն ենթարկելու նպատակով: Մի քանի անհատ տաքսու վարորդներ եւ «Քաղաքացիական կողմնորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը նման պահանջ են ներկայացրել այսօր՝ մարտի 13-ին, Տրանսպորտի եւ կապի նախարարության երկու փոխնախարարների եւ տեսչության պետի հետ հանդիպմանը։
«Մարդ կա՝ ընդհանրապես չի լիցենզավորվել, մարդ էլ կա՝ ասում ա՝ երկրորդ ամսվա գումարն եմ մուծել: Մարդիկ ուզում են իմանալ՝ ստուգումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, որ մյուսներին էլ պարտադրվի չաշխատել կամ աշխատել օրինական ձեւով»,- ասաց Գեւորգ Դոստուրյանը:
Տաքսու անհատ վարորդ Գագիկ Պետրոսյանը նշեց, որ ոչ թե լիցենզավորման պայմաններից է դժգոհ, այլ, իր կարծիքով, անարդարացի դասակարգումից. Նա պահանջում է Երեւանից 40 կմ հեռու գտնվող բնակավայրերի տաքսիների լիցենզավորման համար 5000 եւ 8000 դրամի փոխարեն նույնպես 12 000 դրամ ամսավճար սահմանել:
«Էջմիածինի սաղ ռայոններից սկսած մինչեւ Կոտայքի մարզը գալիս են, ստեղ վարում են, թող նորմալ վճարեն: Մենակ թող հավասար դաշտ ստեղծեն, եթե սաղ ռայոնը ստեղ ա քշում, թող իրանք էլ 12 000 մուծեն, եթե էդքան տան, հաստատ չեն գա էստեղ քշեն, մեր գործին խփեն: 12000 դրամը Երեւան քաղաքի համար նորմալ եմ հավարում, դե օրը 400 դրամն էդ փող չի, օրը մի հատ մինիմալ կարաս մի կողմ դնես, բայց եթե սաղ ռայոններից գան, ստեղ քշեն, էդ էլ կարող ա չքշես»,- ասաց վարորդը։
«Քաղաքացիական կողմնորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը նշեց, որ Հայաստանի պայմաններում դժվար կլինի հավասար մրցակցային դաշտ ստեղծել եւ վերահսկել մարզերի վարորդների գործունեությունը մայրաքաղաքում:
«Հայաստանն էնքան փոքր ա, որ, ասենք, տարբեր գույների համարներ անել տան տարբեր ռայոնների համար անիմաստ ա, ամբողջ Հայաստանը մի հատ քաղաք ա էլի»,- ասաց Դոստուրյանը:
Վարորդների խոսքով՝ նախարարությունում խոստացել են մոտ օրերս ստուգայցեր կատարել եւ ապահովել օրենքի 100 տոկոսանոց կիրառում:





























