ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր՝ մարտի 13-ին, հանդիպել է իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ, սակայն նաիրիտցիների պահանջած՝ պարտքերի մարման 6-ամսյա ժամանակացույցի վերաբերյալ որեւէ հստակ բան չի ասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը:
«Հանդիպման ընթացքում ոչ մի նոր բան չի խոսվել, շարունակում են խոսել քացախաթթվի արտադրության վաճառքի մասին եւ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Դրանից հետո նոր միայն կվճարվեն նաիրիտցիների պարտքերը, որեւէ ժամանակացույց մեզ չի ներկայացվել»,- ասաց Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ նախարարը մեկ ամսվա աշխատավարձերի վճարման մասին նույնպես ոչինչ չի ասել։
Նաիրիտցիները վաղը՝ մարտի 14-ին, կհավաքվեն նախագահի նստավայրի մոտ:
Նշենք, որ երեկ՝ մարտի 13-ին, Կառավարության առջեւ բողոքի ակցիայի ժամանակ նաիրիտցիները հանդիպում էին պահանջել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























