Մարտի 15-ին` ժամը 15.00-ին, Ճարտարապետության թանգարանում կբացվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի  աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողներին ասաց ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը՝ նշելով, որ Իտալիայի իշխանությունները Հայաստանին են փոխանցելու Լևոն Կյուրեղյանի թողած ժառանգությունը։

«Վենետիկի գիտաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու սույն թվականի մայիսի 13-15-ին,  Լևոն Կյուրեղյանի ժառանգությունը փոխանցվելու է Հայաստանին։ Սա միջպետական մեծ քայլ է, և ես չեմ կարող չնշել, որ շատ քիչ երկրներ կան, որոնք հրաժարվում են այդպիսի արժեքներից»,-ասաց նա:

Իտալիայի Ազոլո քաղաքի փոխքաղաքապետ Ֆրանկո  Դալլա Ռոզան, որը Հայաստան է եկել մասնակցելու Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությանը, կարևորեց Լևոն Կյուրեղյանի աշխատանքների  ցուցահանդեսի բացումը։

 «Շատ կարևոր հանգամանք է, որ Հայոց Ցեղասպանության ժամանակ իր ընտանիքի հիսուն անդամներին կորցրած Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսը նվիրված է լինելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ողջունում ենք այդ ցուցահանդեսի բացումը և պատրաստ ենք Հայաստանի հետ շարունակել հետագա  համագործակցությունը»,-ասաց փոխքաղաքապետը։

Նշանավոր ճարտարապետ, ցեղասպանությունը վերապրած Լևոն Կյուրեղյանի թոռը՝ իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանն էլ շատ կարևորեց այն հանգամանքը, որ իր պապի թողած ժառանգությունը ցուցադրվելու է Հայաստանում և հայ ժողովուրդը տեսնելու և գնահատելու է Լևոն Կյուրեղյան ճարտարապետի գործերը։

«Իտալիայում գտնվելով՝ ինձ հաջողվել է պահպանել նրա  թողած ժառանգությունը, որը հնարավոր է այսօր արդեն ցուցադրել Հայաստանում: Քանի որ իմ պապի նախագծած ու կառուցած շենքերը բոլորիս հայտնի պատճառով  այրվեցին ու  ոչնչացվեցին, նա չկարողացավ հաղթահարել այդ հոգեբանական ցավն ու հրաժարվեց զբաղվել ճարտարապետությամբ։ Նա մի առիթով ասել է. «Իզմիրին հրդեհեն հետո որոշեցի ալ ճարտարապետ չըլլալ, այլ հողագործ մը։ Իտալիայում գտնվելու ընթացքում նա ամբողջովին թողեց ճարտարապետությունը, զբաղվում էր իր գյուղատնտեսական ընկերությամբ և խաղողի իր այգիներով, գրում և մասամբ նաև հրատարակում էր քաղաքական ու լեզվաբանական գրություններ»,-ասաց Կյուրեղյանը։

Նշենք, որ Լևոն Կյուրեղյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն նախապես զգալով ապրիլյան ողբերգությունը, տեղափոխվել է Իտալիա: Նա նախագծել և կառուցել է բազմաթիվ շենքեր Բուլղարիայում, Թուրքիայում, Իտալիայում: Տիրապետել է քարի, փայտի ճարտարապետությանը, կառուցել է մենատներ, պալատներ, թատրոն, մատուռ, հասարակական շենքեր, եկեղեցի, դպրոց և այլ բազմապիսի շինվածքներ: Նա եղել է, ոչ միայն նախագծող ճարտարապետ, այլև հետազոտող և տեսաբան: