Հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ հինգշաբթի օրը, կգումարվի ԲՀԿ խմբակցության նիստ, որտեղ կընտրեն ղեկավար եւ քարտուղար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Հարցին, որ բազմաթիվ անձինք հայտարարել են, որ դուրս են գալիս ԲՀԿ-ից, կուսակցությունը ստացել է նրանց դիմումները, թե ոչ եւ ինչու ԱԺ կայքում նրանք դեռ ԲՀԿ անդամ են, Վահան Բաբայանը նշեց, որ կուսակցության ստացած դիմումները այս պահին ուսումնասիրման փուլում են եւ խմբակցության նիստին կհստակեցվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եւ խմբակցությունում մնացած պատգամավորների թիվը ու այն կհրապարակվի:Նա նաեւ նշեց, որ  Հանրապետության 47 հասցեում՝ 1-ին եւ 2-րդ հարկերում, իրականացվում են վերանորոգման աշխատանքները, դրանք ավարտելուն պես ԲՀԿ Կենտրոնական գրասենյակը կտեղափոխվի:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս են եկել մեծամասնականով ընտրված Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը, Գրիգորի Մարգարյանը: Մի շարք պատգամավորներ էլ դուրս են եկել կուսակցությունից, բայց մնացել են խմբակցության կազմում, որպեսզի չկորցնեն պատգամավորի մանդատը: Նրանք են Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը:

ԲՀԿ-ի դուրս գալու մասին հայտարարել են նաեւ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Արայիկ Աղաբաբյանը, Բազմասեր Առաքելյանը, Ռուստամ Գասպարյանը, Մուրադ Գուլոյանը, Մարտուն Գրիգորյանը,  Վարդան Օսկանյանը: Այս անձինք հայտարարել են ԲՀԿ-ից դուրս գալու մասին, որոշների դիմումները կուսակցությունից հաստատել են, բայց ԱԺ կայքի համաձայն՝ նրանք դեռ ԲՀԿ անդամ են: Իսկ մեկ այլ պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, այնուհետեւ այդ դիմումը հետ էր վերցրել, այժմ պարզ չէ՝ նա մնում է, թե գնում է ԲՀԿ-ից: