ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր շենքում ռումբ տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր` հուլիսի 22-ին առավոտյան ժամը 11-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեում ռումբ է տեղադրված, որից հետո շենքից բոլոր աշխատակիցներին սկսել են տարհանել:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները` փոխնախարար Վրեժ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Նրանց հետ եղել են նաեւ շներ: Շենքը ստուգելուց հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պետեկամուտների կոմիտեում ռումբի տեղադրման լուր է տարածվում եւ աշխատակիցները տարհանվում են: Նման եւս երկու դեպք եղել է վերջին ամիսներին: Սակայն ի տարբերություն նախորդ անգամվա, երբ դեպքի վայր էին ժամանել հարյուրից ավելի ԱԻՆ աշխատակիցներ ու ոստիկաններ, այս անգամ աշխատել է մի փոքր խումբ: