Հայ արիները քննարկել են Երեւանում Արիական Տաճարի կառուցման հետ կապված խնդիրներ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայ արիների միաբանության (ՀԱՄ) մամուլի կենտրոնից, hուլիսի 21-ին ՀԱՄ-ի Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովում քննարկվել է նաեւ Քրմական դասի ձեւավորման ընթացքը, հայարիական տեսության միջազգայնացման հարցերը եւ Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման հեռանկարները:
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրել է Քրմական դասի ձեւավորման նպատակով արված քայլերը, քրմի թեկնածու- հավակնորդներին եւ նշել, որ Հոգեւոր Խորհրդի հաստատմանն են ներկայացված քրմի թեկնածուներ Երեւանից, Աբովյանից, Չարենցավանից, Գյումրիից, Վանաձորից, Ալավերդուց, Արարատից, Կապանից, Ստեփանակերտից եւ Ախալքալաքից:
Քննարկվել են նաեւ համաարիականության շրջանակներում այլ ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ կապերի ամրապնդմանն ուղղված խնդիրներ: Հոգեւոր Խորհրդի պատասխանատու խումբը ներկայացրել է Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման գործընթացը:
ՀԱՄ Հոգեւոր Խորհուրդը քննարկել է նաեւ ներազգային մի շարք խնդիրներ` կապված պետության կողմից այլալեզու դպրոցներ հիմնելու, հանրակրթական եւ բուհական ուսումնական հաստատություններում բուն հայկական արժեքներն անտեսելու, պատմությունն ու հավատը ոչ ամբողջական ու հաճախ ոչ ճշմարիտ ներկայացնելու հետ:




























