«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի»  պատասխանատուների և ՀՀ նախագահի միջեւ մարտի 11-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ երիտասարդ գիտնականները նախագահին խնդրել են լուծում տալ գիտնականի աշխատավարձի՝ միջինից  ցածր լինելու հարցին: Այս մասին այսօր` մարտի 14-ին, լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյան:

«Ըստ ԱՊՀ անդամ երկրների միջպառլամենտական ասամբելայի կողմից ընդունված որոշման, գիտնականի աշխատավարձը չի կարող ցածր լինել միջին աշխատավարձից, այնինչ այստեղ երկու անգամ պակաս է: Միջազգային պարտավորություն կա, Նախագահի ստորագրություն կա, բայց այդպես էլ ՀՀ-ն չի կատարում այդ պարտականությունները»,- ասաց Իշխանյանը՝ նշելով, որ երիտասարդ գիտնականները նախագահին առաջարկել են  «Հայաստան» հիմնադրամի և նման հեռուստամարաթոնների ժամանակ հավաքված միջոցների մի մասն ուղղել գիտության ոլորտի զարգացմանը:

Արթուր Իշխանյանի խոսքով՝ նախագահը խոստացել է ֆինանսավորում հայթայթել՝ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում գիտական նյութեր տպագրվելու համար: