Արտագաղթի ծավալների ավելացման մասին տեղեկություններ այսօր առկա չեն՝ հուլիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ համագումարում արած այն հայտարարությունը, թե վերջին շրջանում արտագաղթը մեծ ծավալների է հասել:
Եգանյանը նաեւ չհամաձայնեց ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակում վերջերս հրապարակված այն տեղեկության հետ, ըստ որի՝ 1992-ից սկսած՝ Հայաստանից արտագաղթողների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 300 հազար մարդ: Միգրացիոն պետական ծառայության պետի խոսքով՝ նման հաշվարկը կատարվում է տարբեր մեթոդաբանություններով, եւ դրանցից յուրաքանչյուրի կիրառման դեպքում ստացված արդյունքերը տարբեր են լինում: Եգանյանը նշեց, որ իր տվյալներով՝ Հայաստանից արտագաղթածների թիվը տատանվում է 1 միլիոնից 1 միլիոն 100 հազարի սահմաններում:




























