«Պատանի պատմագետների ակումբ» եւ «Միշտ երիտասարդ» հասարակական կազմակերպությունների տասնյակ երիտասարդներ չորրորդ տարին անընդմեջ այս օրը` մարտի 15-ին, «Գինի լից» խորագրով միջոցառում են անցկացնում: Այն նվիրվում է 1921 թվականին Բեռլինում «Նեմեսիս» ահաբեկչական ծրագրի շրջանակում Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանին:
«Չորս տարի առաջ որոշեցինք, որ հայ ժողովուրդը պետք է նշի այս օրը, որովհետեւ այդ օրը մեր հայ ազգի հերոսը լուծեց մի ողջ ազգի վրեժ` սպանելով Թալեաթին ու չփախավ, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչու է մարդասպանություն գործել: Նա մարդ էր սպանել, բայց մարդասպան չէր»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ Գոռ Գեղամյանը:
Նա նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում մարտի 15-ը համազգային տոն կդառնա:
«Ամեն տարի մենք ավելի շատ երիտասարդների ենք հավաքում մեր շուրջը եւ ցանկանում ենք, որ գա մի օր, երբ այս օրը մեզ հետ կլինեն բոլորը: Սա այն օրն է, երբ յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է արթնացնի Սողոմոն Թեհլերյանին, հատկապես այս տարի, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»,- ասաց նախաձեռնության հեղինակը:
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվեց երիտասարդների ազգային երգ ու պարով եւ գինով լի բաժակներով, որոնցով հավաքվածներն ու անցորդները խմում էին Սողոմոն Թեհլերյանի կենացը:





























