Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ում Բորիս Նեմցովի հուղարկավորության ժամանակ անհայտ անձը սպառնացել էր, հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Մարտի 13-ին Սոբչակը ընթրիք է կազմակերպել L'Officiel ամսագրի նոր համարի առթիվ, որի գլխավոր խմբագիր է նշանակվել ինքը: Միջոցառամանը ներկա է եղել նրա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը եւ երկու թիկնապահները: «Ամուսնություն» ներկայացումն Ազգերի թատրոնում չեղյալ հայտարարել չէի կարող, ինչպես նաեւ այս ընթրիքը: Բայց վաղն առավոտյան կլքեմ Ռուսաստանը որոշ ժամանակով»,-ասել է Սոբչակը:

Սոբչակի մտերիմները նշել են, որ մեկնելու պլանները նրա մոտ առաջացել են «հատուկ ծառայությունների խորհրդով»։

Մարտի 11-ին «Նովայա գազետան» հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են հայտնի անձանց ցուցակի մասին, որտեղ բացի սպանված Բորիս Նեմցովից ներառված են նաեւ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի, եւ հավանական է, Քսենյա Սոբչակի անունները: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «գնդակահարության ցուցակի» գոյությունը անհեթեթ է համարել:

Նեմցովի հուղարկավորության ժամանակ մարտի 3-ին Սոբչակը հայտնել էր, որ Սախարովի կենտրոնից դուրս գալիս, որտեղ տեղի էր ունենում հրաժեշտի արարողությունը, իրեն եւ Ալեքսեյ Վենեդիկտովին է մոտեցել անհայտ մի անձ եւ հայտարարել. «Նկատի ունեցեք, Դեւք հաջորդն եք, Քսենյա»: Ավելի ուշ քննիչներին այս տեղեկությունը՝ հաստատել է Վենեդիկտովը:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ ՌԴ Քննչական կոմիտեն քննարկում է սպանության միանգամից մի քանի վարկած, որոնց թվում՝ քաղաքական դրդապատճառներով սպանությունն ու կենցաղային հողի վրա կատարված սպանությունը։

Բորիս Նեմցովի սպանության գործով Մոսկվայի Բասմանի դատարանը 5 հոգու կալանքի որոշում էր կայացրել։ Ավելի վաղ նրանցից մեկը՝ Զաուր Դադաեւը հրաժարվել էր խոստովանական ցուցմունքներից։