Հայաստանի մոտ 26 համայնքներում երեկ՝ մարտի 15-ին, ընտրել են ղեկավար,հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք հաճախ հենց գործող գյուղապետերն են: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Արմավիրում քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին՝ ընտրապայքարում միայնակ մնացած Ռուբեն Խլղաթյանը՝ ստանալով 8169 ձայն: Նալբանդյանում համայնքի ղեկավար է ընտրվել գործող ղեկավար, ՀՀԿ-ական Գրիգոր Մկրտչյանը, Հովտամեջում եւ Հայկավանում ընտրվել են միակ առաջադրված թեկնածուները: Նոր Արմավիր համայնքում գործող ՀՀԿ-ական գյուղապետը պարտություն է կրել մեկ այլ ՀՀԿ-ականի, գյուղապետ է ընտրվել Արթուր Ավետիսյանը:
Շիրակի մարզի 5 համայնքներում եւս ընտրել են գյուղապետեր: Հառիճում, Սարակապում ու Անուշավանում ընտրվել են գործող գյուղապետերը, Արփենիում գործող գյուղապետին հաղթել է հարազատ եղբայրը, Կարմրավանում Մանուկ Հարությունյանը հաղթել է իր հորեղբոր որդուն՝ Ֆելիքս Հարությունյանին: Կոտայքի Աղավնաձոր գյուղում հաղթել է ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Մխիթար Դանիելյանը, Բջնիում եւս հաղթել է գործող, ՀՀԿ-ական գյուղապետը:
Արագածոտնի մարզի Ափնագյուղ, Լեռնապար եւ Տեղեր համայնքներում ընտրվել են առաջադրված միակ թեկնածուները, իսկ Օհանավանում հաղթել է համայնքի ԲՀԿ-ական ղեկավարը: Արարատի Վարդաշենում ընտրվել է գործող գյուղապետ, ՀՅԴ անդամը: Սյունիքի մի քանի համայնքներում՝ Լոր, Կաղնուտ, Շուռնուխ, Որոտան, եւս ընտրվել են առաջադրված միակ թեկնածուները՝ ՀՀԿ անդամ գործող գյուղապետերը: Տավուշի Ակնաղբյուրում եւ Ծաղկավանում եւս հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները: Գեղարքունիքի Արփունքում գյուղապետ է ընտրվել համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը, իսկ Դարանակում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Վլադիմիր Սարկիսյանը ընդամենը 3 ձայնով է առաջ անցել անկուսակցական թեկնածուից:





























