Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը այս շաբաթ կհեռանա Մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման միջնորդ «քառյակի» (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ եւ ՄԱԿ) հատուկ ներկայացուցչի պաշտոնից։ Բլերին մեղադրում են ավելի շատ բիզնես շահերով զբաղվելու, քան թե հակամարտության լուծումների ուղղությամբ աշխատելու համար, գրում է Guardian-ը։
«Նախկին վարչապետը պատրաստվում է լքել «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնը, եւ այդ մասին կարող է հայտարարել այս շաբաթ։ Աղբյուրները հայտնում են, որ նա սկսել է իր կարգավիճակի փոփոխության շուրջ բանակցությունները։ Նա դեռ պիտի հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինիի հետ՝ քննարկելու համար աշխատանքի հնարավոր փոփոխության հարցը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Guardian-ի տեղեկություններով՝ մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին մասնակցող քաղաքական գործիչներն ու փորձագետները անհանգստացած են հակամարտության կարգավորման վրա Բլերի բիզնես շահերի ունեցած ազդեցության հանգամանքից։
Բլերի պաշտոնական ներկայացուցիչը իր հերթին հայտարարել է, որ նախկին վարչապետի քննադատները կոմպետենտ չեն եւ պարզապես նախանձում են նրան։





























