Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության կողմից կիրառված պատժամիջոցների ռեժիմն այս պահին չի կարելի թուլացնել, սկզբում պետք է հասնել մինսկյան պայմանավորվածությունների լիարժեք կատարման, որոնք ձեռք են բերվել նախորդ ամիս: Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Մինսկյան պայմանավորվածությունները իմաստ կունենան, միայն եթե դրանք ամբողջությամբ կատարվեն: Դրանց մասնակի կատարումը շատ ռիսկային է Ուկրաինայի համար»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախ պետք է հասնել դրանց ամբողջական կյանքի կոչմանը, ներառյալ ամբողջական վերահսկողության հաստատում Ուկրաինայի սահմանին: Եթե մենք պաշտպանում ենք մինսկյան պայմանավորվածությունները, մենք առնվազն պետք է ուժի մեջ թողնենք ՌԴ նկատմամբ պատժամիջոցները: Հակառակ դեպքում՝ տրանսատլանտյան հարաբերությունների համար ծայրահեղ կրիտիկական պահ կգա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի համար անընդունելի է ուկրաինական ճգնաժամում ավելի մեծ աստիճանով ներգրավված լինել, քան Եվրոպան: Այսպիսին է Օբամայի վարչակազմի հստակ դիրքորոշումը»,-պարզաբանել է Տուսկը:

Նա խոստովանել է, որ ԵՄ անդամ 28 երկրների դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում միանշանակ չէ: Պատժամիջոցները մեղմելու օգտին հանդես են գալիս Իտալիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան եւ Չեխիան: