Բելառուսը չի ցանկանում Ռուսաստանին նախապես պայմանավորված քանակով նավթամթերք մատակարարել։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ռուսաստանը Բելառուսին նավթ է մատակարարում ներքին գնով եւ փոխարենը նավթամթերք  ստանում։ Մատակարարումների ծավալը համաձայնեցվում է ամեն տարի։

Ինչպես հայտնում են թերթի աղբյուրները՝ կողմերը սկսել են այց հարցով բանակցությունները։ ՌԴ Էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Բելառուսական կողմը ցանկանում է տարվա երկրորդ եռամսյակում 5.7 մլն տոննա նավթ ստանալ։ Երկրորդ եռամսյակի գրաֆիկը ստորագրվել էր մարտի 13-ին։ Սակայն Մինսկի պլանները փոխվել են ռուբլի փոխարժեքի տատանումների պատճառով։ Ռուսաստանում նավթամթերքի գները արտահանման պարիտետից (արտահանման գնից հանած մաքսը եւ տրասնպորտային ծախսերը),  ավելի էժան են, ուստի Բելառուսի համար շահավետ է բենզինն արտահանել այլ երկրներ։