ԱՄՆ Գլենդել քաղաքում մարտի 6-ին վրաերթի հետեւանքով մահացած 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը տան փոքր զավակն էր, ապրիլի 9-ին կդառնար 5 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոքրիկի հարազատները:
Նրանք պատմեցին, որ ողբերգական վթարի օրը Վիոլետան հոր եւ քրոջ հետ է եղել:
«Մինչեւ հայրը վազել է երեխայի հետեւից, մեքենան արդեն հարվածել է: Շատ ուրախ բալիկ էր: Քույրն էլ իրենից մեծ է, բայց հիվանդ չէ, ինչպես ԶԼՄ-ներն են գրում, նորմալ, առողջ երեխա է»,- ասացին հարազատները:
Նրանց խոսքով՝ փոքրիկին վրաերթի է ենթարկել 55-ամյա Շանթ Բադլյանը, որն այժմ ազատության մեջ է. մարտի 19-ին նշանակված է առաջին դատական նիստը:
Նշենք, որ փոքրիկ Վիոլետայի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի օգնությամբ հայերն ավելի քան 45 հազար դոլար են նվիրաբերել Խաչատրյանների ընտանիքին:
Հիշեցնենք, որ 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը մահացել էր մարտի 6-ին տեղի ունեցած վրաերթի հետեւանքով։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երեխան օդում շուրջ 12 մետր թռել է, ընկել այլ մեքենայի վրա եւ կոտրել հետեւի ապակին: Ավելի ուշ վթարին մասնակցության մեջ կասկածվող Գլենդելի 55-ամյա բնակիչ Շանթ Բադլյանը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել, իսկ հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:




























