Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ դատարան՝  բողոքարկելով է առաջին ատյանի որոշումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրող կողմը պահանջում է բեկանել եւ փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Նելսոն Ոսկանյանի (Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 310 հոդվածով ՀՀ քր.օր. 66 հոդ. կարգով վերջնական պատիժ - որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը 4 տարի ժամկետով և տուգանք` 300.000 ՀՀ դրամի չափով) վերաբերյալ հունվարի 21-ի դատավճիռը պատժի մասով՝ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:

Դատական նիստը նշանակվել է մարտի 25-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա.հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ՝իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝համայնքի օրինական շահերին պատճառելով էական ՝729.000 ՀՀ դրամ վնաս: Նախկին քաղաքապետի դեմ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, չի փոխվել: Գործի դատավարությունը անցկացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: