Կոտայքի մարզի Զառ գյուղում բոլորը զարմացած են 18-ամյա երիտասարդի՝ Անդրանիկի ինքնասպանություն գործելու լուրից եւ չեն էլ պատկերացնում, թե ինչը կարող էր նրան դրել այդ քայլին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զառի գյուղապետ Մուրադ Բաբախանյանը նշեց, որ տղան դեռ 3-4 տարեկան էր, երբ նրան մայրը լքեց եւ մեկ ուրիշի հետ ամուսնացավ: Ունի իրենից մեծ եղբայր, ով այժմ բանակում է: Այնուհետեւ հայրը նորից է ամուսնացել եւ երկրորդ կնոջից 2 դուստր ունի:

Նա նշեց, որ նորմալ, սովորական ընտանիք է, վիճաբանությունների կամ կոնֆլիկտների մասին երբեւէ չեն լսել, գտնվում են սոցիալական ծանր վիճակում: «Ինքը կարծես դպրոցն էլ չի ավարտել, աշխատում էր, ինչ պատահում էր, անում էր, շինարարություն, բանվորություն, շուստրի տղա էր, փող էր աշխատում, ծխում: Դեպքի օրը հորից 500 դրամ է ուզել, որ գնա ծխախոտ առնի, հայրը տվել, ասել է՝ գնամ ծխախոտ առնեմ, հետո գնամ հարեւանի տուն լոտո խաղամ, բայց հետո եղել է այդ դեպքը»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ օգոստոսին պետք է լրանար Անդրանիկի 18 տարեկան,ը եւ նա պետք է բանակ գնար: Գյուղապետը նշեց, որ երբեւէ չի լսել նաեւ, որ խորթ մոր հետ խնդիրներ ունենա: Իսկ թե հայտնելու են մորը որդու մահվան մասին, Մուրադ Բաբախանյանն ասաց, որ ոչ մեկ չգիտի՝ մայրը որտեղ է, տարիներ ի վեր կապ չի եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Կոտայքի մարզի Զառ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի տներից մեկում 18-ամյա տղային հայտնաբերել են առաստաղից կախված: Նրա անունն Անդրանիկ էր: Նախնական տեղեկություններով երիտասարդն ինքնասպանություն է գործել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին գիշերը: Նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն արդեն մահացած է եղել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: