Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 22-ին հանդիպել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Շնորհավորելով աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին՝ նա ասել է. «Ես ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր ակտիվ դիրքորոշման համար: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` դուք կարողացել եք ընդունվել առաջնակարգ կրթօջախներ, եւ միաժամանակ, կարողացել եք ինքներդ հոգալ ձեր ուսման ծախսը. գտնել «Լույս» հիմնադրամը, պայքարել եւ այդ պայքարում հաղթող ճանաչվել: Սա շատ էական հանգամանք է, որովհետեւ գիտելիք ունենալը դեռեւս քիչ է. պետք է կարողանալ այն համադրել ակտիվ դիրքորոշման հետ, եւ սա ձեր առաջին հաջողված փորձն է»:

Սերժ Սարգսյանը միեւնույն ժամանակ նշել է, որ եթե նրանցից որեւէ մեկը կարողանա իր գործունեությունը շարունակել այնպիսի ոլորտներում, գիտական այնպիսի հաստատություններում, որոնք Հայաստանում բացակայում են, դա միայն խրախուսելի կլինի, քանի որ շահավետ կլինի նաեւ մեր երկրի ու ժողովրդի համար: Նախագահի խոսքով`նման պարագայում որեւէ մեկը չի կարող նրանց կշտամբել, թե ինչու ընտրեցիք այդ ճանապարհը, ինչու չվերադարձաք Հայաստան. «բայց եթե դուք Հայաստան  չվերադառնալով դրսում անեք այն աշխատանքը, որ կարող եք  այստեղ անել` ձեզ որեւէ մեկը չի հասկանա»:

Երկրի ղեկավարը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հանձնել է հավաստագրեր եւ հաջողություն մաղթել: Նշելով, որ նրանք իրենց թիկունքում մշտապես կզգան պետության աջակցությունը` Նախագահը վստահություն է հայտնել, որ նրանցից շատերը գործուն մասնակցություն կունենան մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: