Արարատի մարզում կանչի ժամանակ մարտի 14-ին վթարի ենթարկված եւ մահացած՝ Շտապօգնության բժիշկ Կարապետ Գրիգորյանը «Արտաշատ» բժշկական կենտրոնում աշխատում էր արդեն մի քանի տարի: NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ բժիշկ Գրիգորյանը կանչի մեկնել էր՝ օրվա հերթապահ բժշկին օգնելու համար:

«Կարծես թե ճակատագիր է, այլ բացատրություն չենք գտնում: Շատ պատրաստակամ երիտասարդ էր, կանչի գնացել էր՝ մեր նոր բժշկին օգնելու համար, իր հերթը չէ, ու այդպիսի բան տեղի ունեցավ: Բոլորս սգի մեջ ենք, ամեն ինչ խառնվել է իրար: Բացի դրանից՝ սա կանչի մեկնող մեր երկրորդ բրիգադն էր: Թե ինչու էին երկրորդին կանչել, չենք հասկանում»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Եղիազարյանը:

Նա պատմեց, որ Կարապետն ամուսնացած էր, կինը նույնպես բժշկուհի է. նրանք շուտով երկրորդ բալիկն են ունենալու:

«Կարապետի հայրը ավտովթարից մահացել է, երբ նա փոքր է եղել եւ մայրը երկրորդ բալիկին սպասելիս է եղել: Հիմա էլ Կարապետը... ճակատագիրը կրկնվում է»,- նշեց Կարինե Եղիազարյանը՝ հավելելով, որ Կարապետի կնոջ հայրն ու մայրն էլ իրենց հիվանդանոցում աշխատում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ և «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Խ. Մ.-ն (ծնվ. 1986 թ.), Լ. Հ.-ն (ծնվ. 1960թ.), իսկ  «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղևոր Ռ. Գ.-ն (ծնվ. 1995 թ.), ովքեր տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության մեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Կ.-ին (ծնվ. 1958թ.) և բժիշկ Կարապետ Գրիգորյանին (ծնվ. 1988 թ.), ովքեր տեղափոխվել են են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Կարապետ Գրիգորյանը մահացել է:

Խ.Մ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Ըստ բժիշկների՝ Խ. Մ.-ի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածների առողջական վիճակը՝ բավարար: