«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից չեն ցանկանում մեկնաբանել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի՝ իրենց մասին հնչեցրած գնահատականները: NEWS.am-ի թղթակցին ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի քաղաքականության վերաբերյալ իր ընկալումներն եւ տեսակետները: «Չեմ ցանկանում մեկնաբանել այլ կուսակցությունների ղեկավարների հայտարարություններ եւ կարծիքներ, քանի որ դա իրենց սուբյեկտիվ տեսանկյունն է: Ցանկություն չկա դետալների մեջ խորանալու ու որեւէ բան պատասխանելու: Պարզապես խորհուրդ կտամ յուրաքանչյուր կուսակցության ղեկավարի խոսել իր կուսակցությունից, թեեւ դա իրենց իրավունքն է, զբաղվել իրենց խնդիրներով, որոնք վստահաբար քիչ չեն մեր խնդիրներից: Ի հեճուկս շատերի, ԲՀԿ-ի խնդիրների բարեհաջող հաղթահարվում են»,-ասաց Վահան Բաբայանը:
Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ մեծ հաշվով բոլորի համար էլ պարզ է: «Ինձ համար ակնհայտ է մի բան՝ կա Ծառուկյան, կա ԲՀԿ, չկա Ծառուկյանը, չի կարող լինել նաեւ ԲՀԿ-ն: Մնացածը ժամանակը ցույց կտա»,- նշել է նա:





























