Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարեւոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ եւ մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ եւ տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու եւ խորքային գիտելիքներ հաղորդելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մարտ ամսվա գիրք է ճանաչում Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը ընթերցողին ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր եւ իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում եւ 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:
««Հոշոտված Հայաստան» գիրքը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան)՝ Արեւմտյան Հայաստանի Չմշկածագ գյուղում ծնված մի դեռատի հայուհու հուշապատումը: Ավրորայի նման հազարավոր, միգուցե հարյուրհազարավոր երիտասարդ հայուհիներ կարող էին պատմել երիտթուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության տարիներին իրենց ճակատագրի, իրենց ապրած սարսափների ու տառապանքների մասին:
Երեւի նման պատմություններ այլեւս չգտնվեն. տասնյակհազարավոր աղջիկներ սպանվեցին սիրիական անապատներ տանող ճանապարհներին կամ էլ մինչեւ իրենց կյանքի վերջը փակված մնացին մուսուլմանական հարեմներում: Կարդալով Ավրորայի պատմությունը՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել մյուսների պատմությունները: Անկասկած, դրանցից յուրաքանչյուրը կարող էր ֆիլմի սցենարի հիմք դառնալ:
Երիտասարդ հերոսուհի Արշալույս-Ավրորան դարձավ այն սերնդի խորհրդանիշը, որը պայքարում էր մահվան ու բռնության դեմ, իսկ հետագա սերունդների համար՝ մարդկային անկոտրում կամքի եւ չարին հաղթելու վճռականության մարմնացում»,- գրքի նախաբանում գրում է պատմական գիտությունների թեկնածու, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:





























