Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան որոշել է չմասնակցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին:

Այս առնչությամբ կոալիցիայի տարածած հայտարարությունում ասվում է.

«Մտահոգված լինելով, որ ՀՀ Կառավարության կողմից նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում անկախության, արդյունավետության, մասնակցության եւ մասնագիտական սկզբունքների վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ եւ 36-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի եւ Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություններին,

Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռեւս որեւէ էական քայլ չի իրականացրել Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից Վարչապետին 2014թ. նոյեմբերի 28-ին ուղղված ուղերձում բարձրացված հարցերի իրականացման ուղղությամբ,

Փաստելով, որ Կառավարությունը չի ընդունել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, ինչպես նաեւ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիայի եւ դրա անդամ կազմակերպությունների առաջարկները՝ ուղղված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քաղաքացիական հասարակության լայն ներգրավմանն ու իրական մասնակցության ապահովմանը,

Նպատակ հետապնդելով Հայաստանում ունենալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ եւ 36-րդ հոդվածների եւ միջազգային մյուս փաստաթղթերի, այդ թվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի եւ Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունների պահանջներին համապատասխան ձեւավորված անկախ, արդյունավետ, մասնակցային եւ մասնագիտական Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ.

Դիտարկելով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն երկխոսությունը որպես Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նախապայման,

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիան որոշում է.

Ներկա փուլում ձեռնպահ մնալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին Կոալիցիային անդամակցող հասարակական կազմակերպությունների թեկնածուներ առաջադրելուց եւ մասնակցելուց,

Շարունակել, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում իր ակտիվ դերակատարումը, մասնավորապես, իրականացնելով Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ Խորհրդի գործունեության անկախ եւ մասնագիտական դիտորդում,

Միաժամանակ, խթանել Կառավարության հետ ակտիվ երկխոսությունը՝ Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ, արդյունավետ, մասնակցային, մասնագիտացված մարմին ստեղծելու եւ ապօրինի հարստացումը քրեականացնելու ուղղությամբ` այդ նպատակով ստեղծելով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն փորձագիտական աշխատանքային խումբ»:

Նշենք, որ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 70 ՔՀԿ-ներ` Երեւանից եւ ՀՀ մարզերից: