Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «շտապօգնության» մեքենային բախված՝ «ԳԱԶել»-ի վարորդը՝ Արայիկ Հակոբյանն ու ուղեւոր Ռոբերտ Գասպարյանն Արարատի մարզի Նորաշեն համայնքից են, զբաղվում են գարեջրի առաքմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գյուղապետարանից:
Նրանց փոխանցմամբ՝ վարորդը Դվին գյուղից է, սակայն բնակվում է Նորաշենում, ամուսնացած է, ունի 1 աղջիկ:
«Ռոբերտն էլ նրա աշխատողն է եղել, միասին գարեջուր էին բաժանում»,- ասացին աշխատակիցները:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: Մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բուժքույր 29-ամյա Խ. Մ.-ին, բժիշկ 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին , որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:




























