Հանրային խորհրդի ղեկավարը լսել է բնակիչների մտահոգությունները տվյալ հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հասցեի գույքը բացառիկ՝ գերակա շահ ճանաչելու մասին «Ռենշին» ՍՊԸ-ի դիմումի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Բնակիչները հայտնել են, որ տասնամյակներ շարունակ այդ հասցեում բնակվել են իրենց պապերը, հետո ծնողները, հիմա էլ ապրում են իրենք ու իրենց երեխաները, ուստի իրենք չեն ցանկանում զրկվել իրենց բնակարաններից:
Նրանք նշել են, որ շենքը Երեւանի հազվագյուտ պահպանված գեղեցիկ կառույցներից է, որը խորհրդային տարիներին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Բնակիչները նաեւ տեսակետ են հայտնել, որ մասնավոր ընկերության կողմից հյուրանոցային համալիրի կառուցումը չի կարող դիտարկվել որպես բացառիկ՝ գերակա շահ եւ հույս են հայտնել, որ ՀՀ կառավարությունն, այնուամենայնիվ, նման որոշում չի կայացնի:
Թումանյան 25 հասցեի բնակիչները Հանրային խորհրդի ղեկավարին խնդրել են աջակցել, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանվեն, եւ իրենք չդառնան այս գործարքի զոհեր:
Վազգեն Մանուկյանը հանձնարարել է հարցը քննարկման դնել Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովում:
Մինչ այդ բնակիչների հետ է հանդիպել Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը եւ հարցը քննարկել իրավական տեսանկյունից:





























