Հատկանշական է, որ Ադրբեջանը չի մասնակցում նիստին՝ այն պարզ պատճառով, որ այն Հայաստանում է ընթանում: Հավելենք, որ երբ 2012 թվականին նիստը տեղի էր ունենում Բաքվում, հայաստանյան պատվիրակությունը մասնակցեց նիստին եւ լավագույնս ներկայացրեց Հայաստանի շահերն ու քաղաքական հայացքները: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Եվրանեսթի՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն առաջին անգամ անց է կացվում Հայաստանի Հանրապետությունում: Մարտի 16-18-ն իրենց աշխատանքներն են իրականացնելու վեհաժողովի 4 մշտական հանձնաժողովները` Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության, եւ Էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները:

Հատկանշական է, որ Ադրբեջանը չի մասնակցում նիստին՝ այն պարզ պատճառով, որ այն Հայաստանում է ընթանում: Հավելենք, որ երբ 2012 թվականին նիստը տեղի էր ունենում Բաքվում, հայաստանյան պատվիրակությունը մասնակցեց նիստին եւ լավագույնս ներկայացրեց Հայաստանի շահերն ու քաղաքական հայացքները: Սա, թերեւս, ցույց է տալիս նրանց դիմագիծն ու հակահայկական գործելակերպը, միաժամանակ նաեւ մեր եվրոպացի գործընկերների մոտ բացահայտում նրանց ոչ քաղաքակիրթ տեսակը:

Իսկ այն, որ լիագումար նիստը տեղի է ունենում Հայաստանում, մեզ համար կարեւոր իրադարձություն է, քանի որ Եվրանեսթն իրենից ներկայացնում է Եվրոպական տնտեսական եւ քաղաքական լուրջ կառույց: Դեռեւս խորհրդարանի 4-րդ գումարման ժամանակ պատիվ եմ ունեցել Բրուսելում ներկա գտնվել Եվրանեսթի առաջին նիստին, որի հիմնադիր երկրներից է Հայաստանի Հանրապետությունը:

Հատկանշական է, որ նման ձեւաչափի կառույցներում Եվրանեսթը բացառիկ է, որում Հայաստանը ունի լուրջ դերակատարում: Տարիների ընթացքում այս կառույցը դարձել է տնտեսական, ռազմավարական, քաղաքական եւ էներգետիկ անվտանգության կարեւորագույն հարցեր քննարկելու միջազգային հարթակ:

Լիագումար նիստի՝ մեր երկրում տեղի ունենալն առավել եւս հատկանշական է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, եւ մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը եւ միջազգային հանրությանը պետք է կրկին ծանոթացնենք Մեծ Եղեռնի պատմությանն ու դրա անպատժելի մնալուն եւ այդ ամենից բխող վտանգավոր հետեւանքներին: Փաստ է, որ մեր երկրի համար սա բացառիկ հնարավորություն է եւ մենք պարտավոր ենք դրանից օգտվել առավելագույնս արդյունավետ: