Քաղաքականության մեջ խոսքը քաղաքական մոտեցումների մասին է, ոչ մեկը մյուսի հետ ԶԱԳՍ չի գնում: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էԲՀԿ-ն լքած ԱԺ պատգամավոր, «Արեւմտահայերի ազգային համագումար» ՀԿ-ի Հայաստանում լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը:
Նրա խոսքով՝ եթե կա համագործակցության հիմք, այդ համագործակցությունը տեղի է ունենում, եթե դա չկա, քաղաքական գործիչները բաժանվում են: «Ինչո՞ւ չեք ասում, որ ես առաջին պատգամավորն եմ եղել, որը հստակ դիրքորոշում է արտահայտել: Չլքեցի կուսակցությունը, այլ հստակ դիրքորոշում հայտնեցի, դրանք տարբեր բաներ են: Երկրորդ՝ ես հստակ ասացի, թե ինչու եմ այդ քայլին գնում: Եվ եթե ինչ-որ մեկը խոսում է դավաճանության մասին, թող նախ իր սեփական կենսագրությունը նայի»,-ընդգծել է Ախոյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ԲՀԿ բախումից անմիջապես հետո առաջին պատգամավորը, ով հայտարարեց ԲՀԿ-ն լքելու մասին, Արագած Ախոյանն էր: Սակայն նա շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, որովհետեւ հակառակ դեպքում՝ ստիպված կլինի դնել պատգամավորի մանդատը:





























