Այսօր «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Կասկադ բանկը» վերջնականապես միացել է «Ամերիաբանկին»։ Միացման արդյունքում «Ամերիաբանկը» կպահպանի իր գործունեությունը նաեւ որպես «Կասկադ բանկի» իրավահաջորդ, իսկ վերջինս դադարեցնում է իր գործունեությունը։ Երկու բանկերի միացման մասին պայմանագիրը Կենտրոնական բանկի որոշմամբ հաստատվել է ս.թ. հունիսի 16-ին։
Այս գործընթացը ընթացել է հետեւյալ սխեմայով. «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 99,99 տոկոսի սեփականատերը՝ «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդը» նախ գնել է «Կասկադ բանկը», այնուհետեւ միավորել իր սեփականությունը հանդիսացող 2 բանկերը։ Ֆորմալ առումով սա միաձուլում է, ըստ էության՝ կլանում։ «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդը» Կիպրոսում գրանցված ընկերություն է, որին պատկանում է «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 99,99 տոկոսը։ Այդ ընկերությունը մտնում է «Տրոյկա Դիալոգ» խմբի մեջ, որի հիմնական բաժնետերը մոսկվաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն է։
Ըստ Հանեսյանի տեղեկությունների՝ «Կասկադ բանկի» աշխատակիցների 90 տոկոսը աշխատանքի է անցել «Ամերիաբանկում», սակայն «Կասկադ բանկի» նախկին գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանը դրանց թվում չէ։
Միավորված բանկի կապիտալում «Կասկադ բանկի» նախկին բաժնետերերից ոչ մեկը բաժնեմաս չունի, իսկ տնօրենների խորհրդի կազմում տեղի է ունեցել միայն մեկ փոփոխություն՝ այնտեղ ավելացել է Նուբար Աֆեյանի անունը։ Հիշեցնենք, որ Նուբար Աֆեյանն այն անձանցից է, ով Ռուբեն Վարդանյանի հետ ստորագրել է Հանրային խորհրդին ուղղված բաց նամակը՝ Դիլիջանի անգլիալեզու դպրոցի կառուցման նախագծից հրաժարվելու մասին։
Չնայած 2 բանկերի միավորմանը՝ «Ամերիաբանկի» ակտիվները եւ պարտավորությունները 2009 թ. վերջի համեմատ էապես չեն փոխվել, իսկ դրամային արտահայտությամբ դրանք նույնիսկ նվազել են։ Այսպես՝ բանկի ակտիվների ծավալը 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ 121,3 մլրդ դրամ է (330 մլն դոլար), այնինչ 2009 թ. դեկտեմբերի 31-ին 122,3 մլրդ դրամ էր (մոտ 323 մլն դոլար)։ Ա. Հանեսյանը ակտիվների նման փոքր փոփոխությունը բացատրում է փոխարժեքի տատանումով, որի ազդեցությունը ակտիվների վրա գնահատվեց 11 տոկոսի չափով։ Հանեսյանն ընդգծեց, որ «Ամերիաբանկի» ակտիվների մեծ մասը դոլարով կամ եվրոյով է։ Իրականում 2009 թ. վերջի եւ 2010 թ, հուլիսի փոխարժեքների տարբերությունը մեծ չէ։ 2009 թ. դեկտեմբերի 30-ին 1 դոլարն արժեր 377,89 դրամ, իսկ 2010 թ. հուլիսի 1-ին՝ 367,67 դրամ։ Առավել հավանական է զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի այն բացատրությունը, որ որոշ ակտիվային հոդվածներ հաշվեկշռի մեջ ներառված չեն եղել։




























