ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել ոլորտի ներկա վիճակը:

Պատվիրակության կազմում էին նաեւ Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս (Առեւտրի եւ էկոնոմիկայի հարցերով) Նատալի Բեշամը եւ Խոզի միս  արտադրողների  կանադական ասոցիացիայի (Canada Pork International) նախագահ Ժակ Պոմերլոն:

Ողջունելով հյուրերին եւ բարձր գնահատելով նրանց ջանքերը հայ-կանադական գործարար կապերի ամրապնդման գործում` նախարարը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Հակիրճ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ներկա վիճակը եւ ընդգծելով աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարարը Կանադայի հետ փորձի փոխանակումը հատկապես օգտակար եւ իրատեսական է գնահատել: 

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները  բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար` կարծում եմ, որ ներդրումային տեսանկյունից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել կանադացի ներդրողների համար», - նշել է նախարարը: 

Գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարային ճյուղերի թվում նախարարը մասնավորապես նշել է տավարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության ոլորտները, ինչպես նաեւ ջերմոցային տնտեսությունների եւ պտղատու այգիների ստեղծումը:

Նախարարը նաեւ հնարավոր է համարել անասնաբուծության  ոլորտում համատեղ ֆերմաների հիմնումը, ինչը ոչ միայն կնպաստի հայկական շուկայում խոզի մսի պահանջարկի բավարարմանը, այլեւ այդ արտադրանքի դեպի ռուսական շուկա արտահանմանը:

Հանդիպմանը նախարարն առաջարկել է կանադական կողմին առավել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի ագրարային ոլորտը եւ ըստ այդմ մշակել եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրեր:

Միաժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-կանադական փոխգործակցության խորացման եւ զարգացման  հարցում:

Համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու նպատակով Սերգո Կարապետյանն առաջարկել է քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր ստորագրելու  նպատակահարմարության հարցը:

Ի պատասխան նախարարի առաջարկին, դեսպան Ջոն Քյուրը հայտնել է, որ կդիմի Կանադայի գյուղատնտեսության նախարարությանը` համապատասխան աշխատանքային խումբ Հայաստան գործուղելու եւ համագործակցության հեռանկարային ուղղությունները ճշգրտելու  նպատակով: