Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» մեղադրյալ Սամվել Դավթյանի պաշտպան Վահե Հակոբյանն իր պաշտպանյալին 15 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի որոշումը անհիմն եւ ապօրինի է համարում։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Վերաքննիչ քրեական դատարանում իր բողոքը ներկայացնելիս ասաց Վահե Հակոբյանը՝ միջնորդելով բեկանել Առաջին ատյանի դատավճիռը եւ անմեղ ճանաչել իր պաշտպանյալ Սամվել Դավթյանին։

«Անհիմն մեղադրական վճիռ է կայացվել, իսկ դատաքննությունը, որը հեռու է օբյեկտիվ համարվելուց, չի պարզել, թե իմ պաշտպանյալը կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, ինչ զենք է կրել, տուժողներից ումն է դրանով վնասել։ Բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել։ Դատաքննության ընթացքում դատավոր Մակյանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել ամբաստանյալների եւ իմ պաշտպանյալի նկատմամբ, մերժելով մի շարք միջնորդություններ՝ զրկել է պաշտպանական կողմին հակափաստարկներ եւ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։ Պահանջում եմ անհիմն ճանաչել Մակյանի մեղադրական դատավճիռը եւ իմ պաշտպանյալին անմեղ ճանաչել, քանի որ նա չի ճանաչել «Բանդայի» անդամներին եւ այդ օրը իր ծանոթից պարտքով գումար խնդրելու համար է դեպքի վայրում հայտնվել»,- ասաց պաշտպանը։

Դատապարտյալ Սամվել Դավթյանը պնդեց, որ ինքն անմեղ է եւ միացավ պաշտպանի պահանջին։

«Եթե մեղք գործած լինեի կամ ոստիկանների հետ խնդիր ունենայի, ոչ մեքենայից կիջնեի, ոչ կմոտենայի վթարի ենթարկված մեքենային, կթողնեի, կգնայի, աշխարհի ոստիկաններն էնտեղ էին։ Էն որ իջել եմ, ապացուցում ա, որ ես մեղավոր չեմ»,- ասաց դատապարտյալը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստին՝ մարտի 30-ին, ճառով հանդես կգա «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։