Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) Միությունը Հայաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ ս.թ. մարտի 15-18-ը կազմակերպում է   Կանադայի առեւտրային առաքելության այցը Հայաստան:

Մարտի 16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ հայ-կանադական գործարար համաժողով, որի շրջանակներում ներկայացվեցին ՀՀ ներդրումային միջավայրի, ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների, ՀՀ հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության եւ ինտերնետային կարգավորումների, գյուղատնտեսության եւ ագրովերամշակող արդյունաբերության վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ:

Այցի շրջանակներում կայացավ շուրջ 160 երկկողմ հանդիպումներ հայ եւ կանադացի գործարարների միջեւ՝ սննդի վերամշակման (մսամթերքի վերամշակում), հանքարդյունաբերության, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, տրանսպորտի, լոգիստիկայի, իրավաբանական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման  եւ այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Նշյալ միջոցառումը միտված է դառնալու հարթակ երկու մեր երկրների բարեկամական հարաբերությունների խթանման, գործարարների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման, նոր գործարար հարաբերությունների ձեւավորման եւ հետագա զարգացման համար: