Լոս Անջելեսի դատախազները մարտի 16-ին մեղադրանք են ներկայացրել միլիարդատեր Ռոբերտ Դարսթի նկատմամբ, որին կալանավորել էին Նոր Օռլեանում այն բանից հետո, երբ վերջինս վավերագրական սերիալի ֆիլմում խոստովանել էր, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ սպանություններ է կատարել, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրես»-ը:
Դարսթը մեղադրվում է իր օգնական Սյուզան Բերմանին դիտավորյալ սպանելու մեջ եւ կարող է դատապարտվել մահապատժի, հաղորդում է «ՌԻԶ նովոստին»:
Դարսթը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել 1980 թվականին, երբ խորհրդավոր կերպով անհետացել էր նրա կինը, ում հետ նա լարված հարաբերությունների մեջ էր:
Դարսթի օգնական Սյուզան Բերմանին, ում հայրը Լաս Վեգասի երկու քրեական գործիչների օգնականն է եղել, գնդակահարված էին գտել իր տանը, երբ Նյու Յորքի քննիչները պատրաստվում էին հարցաքննել նրան՝ միլիարդատիրոջ կնոջ՝ Քեթլինի, անհետացման գործի հետ կապված:
Կնոջ անհետացումից հետո Դերսթը տեղափոխվել էր Թեքսասի պանսիոնատ, որտեղ ապրել է մինչեւ իր կալանավորումը 2001 թվականին: Այդ ժամանակ Գալվեսթոնի ծոցում հայտնաբերել էին Դարսթի հարեւան Մորիս Բլեքի մասնատված մարմինը: Դրանից հետո Դարսթին հաջողվել էր փախչել եւ նա գտնվում էր հետախուզման մեջ, մինչեւ Փենսիլվանիայում խանութի գողության ժամանակ նրան ձերբակալելը: Նրա մոտ այդ պահին եղել է 500 դոլար, եւս 37 հազար դոլար եղել է վարձակալած մեքենայում, որտեղ գտել են նաեւ զենք ու մարիխուանա:





























