Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով` նվիրված Հայաստան-ԵՄ կրթական համագործակցությանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը մասնավորապես խոսել է Բոլոնիայի գործընթացի մասին, փաստել է, որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից եւ իրականցվում է այն երկրներում,որոնք ԵՄ անդամ չեն, ապա մանրամասն խոսել է մեր երկրում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքի եւ հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պետք է հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի եւ այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից:





























