Վրաստանը ապրիլի 24-ին Երեւանում եւ Անկարայում կայանալիք միջոցառումներին մասնակցելու հարցում միջին լուծում կգտնի հարեւան ժողովրդի հանդեպ ունեցած եղբայրական զգացմունքների եւ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների միջեւ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի ժամանակ։
«Իհարկե մենք լիովին հասկանում ենք ցավը, որը սերնդեսերունդ ապրում է հայ հասարակության մեջ։ Հասկանում ենք հայ ազգի ժամանակակից ինքնագիտակցության ձեւավորման մեջ դրա ունեցած դերը։ Միաժամանակ անկեղծ ասած՝ մենք շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք գտնվում»,- նշեց Դարչիաշվիլին՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ սպասվում է արդյոք Վրաստանի բարձրաստիճան պատվիրակության այցը։
«Դրա համար էլ կարծում եմ, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը լուծում կգտնի հարեւան ժողովրդի հանդեպ տածած եղբայրական զգացմունքների եւ բարդ աշխարհաքաղաքական իրողության միջեւ»
Նշենք, որ Թուրքիան որոշել է Գալիպոլիիի ճակատամարտի օրը նշել ապրիլի 24-ին։





























