ՀՀՇ-ն կտրականապես դեմ է կիսանախագահական կառավարման համակարգին։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողներին ասաց վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով սպասվող Սահմանադրական բարեփոխումներին եւ Սերժ Սարգսյանի հետ մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը։

«Մենք միշտ կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին։ Կարծում ենք, որ այս կառավարման համակարգը կարող է դրական փոփոխություններ մտցնել երկրում։ Հանդիպման նախաձեռնությունը եղել է իշխանություններին։ Մենք գնացել ենք եւ ներկայացրել մեր տեսակետը, այն է՝ մենք դեմ ենք կիսանախագահական համակարգին»,- ասաց Արարատ Զուրաբյանը՝ նշելով, որ քաղաքական ուժերը պետք է ակտիվորեն մասնակից լինեն այս բարեփոխումներին։

Արարատ Զուրաբյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները դեռեւս որեւէ որոշում չեն կայացրել. «Սեղանին դրվելու է փաստաթուղթ, որի վերաբերյալ մեր տեսակետը պետք է արտահայտենք, եթե գնանք հանրաքվեի։ Ասենք, որ Սերժ Սարգսյանն է իշխանության, պետք է դադարեցնե՞նք այդ գործընթացը։ Այդ դեպքում առաջարկում եմ հաց չուտել, չքնել, որովհետեւ իշխանության Սերժ Սարգսյանն է»։

Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ՀՀՇ վարչության նախագահը հայտնեց, որ ինքն այդ հանդիպումից հետո հստակ հասկացել է՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ դառնալու հավակնություններ չունի։

«Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ ինքը՝ որպես նախագահ, պաշտոնավարելու է մինչեւ 2018թ., ինչը նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններին չի դառնալու պատգամավոր, սա էլ իր հերթին ապացուցում է, որ ինքը ԱԺ նախագահ չի դառնալու»,- ասաց Արարատ Զուրաբյանը։

Նշենք, որ մարտի 12-ին Հայաստանում սկսել են Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։ Այդ բարեփոխումները մասնավորապես վերաբերվում են խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն։