ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը համոզված է, որ ՀԱԿ-ը լիբերալ ուժ չէ, հակառակ դեպքում չէր պաշտպանի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու փաստը։
«Գոնե նախկինում ազատական հայացքների կրող մարդիկ են եղել, բայց ժամանակի ընթացքում շատ խոսվեց, որ խորքային առումով ՀԱԿ-ը սոցիալ-դեմոկրատական է, իրենք իրենց հայտարարեցին սոցիալ-լիբերալ ուժ։ Չեմ պատկերացնում՝ ինչքանով է ՀԱԿ-ը լիբերալ, չեմ պատկերացնում, որ լիբերալ ուժը կարող է կողմ լինել ԵՏՄ-ին։ Նման լիբերալ ուժ կարող է լինել միայն Ժիրինովսկու ղեկավարած քաղաքական ուժը»,- այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողներին ասաց Արարատ Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը լիբերա՞լ ուժ է։
Հարցին, թե ինչու ՀԱԿ-ը հրաժարվեց հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումները, ՀՀՇ վարչության նախագահը պատասխանեց. «Համաձայն եմ, որ դադարեցնենք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը եւ թույլ տանք ՀԱԿ-ին յոթ տարի հեռացնել Սերժ Սարգսյանին, հետո լսենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը կասի՝ խորհրդարանական կառավարման համակարգը լավն է, բայց ավելի լավն է կիսանախագահականը»։
Նշենք, որ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որին իշխանությունները քննարկման չհրավիրեցին։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայաստանում սկսվել է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։ Այդ բարեփոխումները մասնավորապես վերաբերվում են խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն։





























