Եթե սահմանադրական բարեփոխումների քննարկումների ընթացքը բերի լուրջ վեճերի, Հայաստանի Ազգային ժողովում կարող է ներկայացվել միանգամից երկու հայեցակարգ: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական ուժ դառնալու, նաեւ ընդդիմության ձեւավորման լուջ խնդիր կա: «Ինձ թվում է, որ մեր քաղաքական դաշտում լուրջ խնդիրներ կան եւ եթե մենք տեսնենք, որ քաղաքական ճգնաժամ է հասունանում, եւ խոչընդոտներ են ծագել կառավարման խորհրդարանական համակարգի կենսունակության համար, հնարավոր է, քննարկվեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի երկու տարբերակ»,-ընդգծել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 12-ին հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների, իսկ ՀՀԿ գործադիր մարմնի ընդլայնված նիստում նաեւ՝ «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նման հրավեր չի ուղարկվել:





























