Հայ ազգային կոնգրեսը միշտ հայտարարել է, որ իրենք քննարկելու ոչինչ չունեն գործող իշխանությունների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, լարգրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու երկրի նախագահը սահմանադրական բարեփոխումները քննարկելու շրջանակում հրավեր չի ուղարկել նաեւ ՀԱԿ-ին:
Նրա խոսքով՝ ինչ հրավերի մասին կարող է խոսք լինել մի քաղաքական ուժի դեպքում, որը նման հայտարարություններ է անում: «ՀԱԿ խմբակցությունում 7 հոգի կա, 6 կարծիք, ձեւի համար հրավիրեի՞նք, մենք չգիտեինք` ում հրավիրեինք՝ առանձին Հրանտ Բագրատյանի՞ն, Փաշինյանի՞ն, թե՞ Զուրաբյանին: Մենք սպասում ենք, որ իրենք նախաձեռնեն, ցանկություն հայտնեն»,-նկատել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում մարտի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների, իսկ ՀՀԿ գործադիր մարմնի ընդլայնված նիստում նաեւ՝ «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նման հրավեր չի ուղարկվել:





























