Հայաստանի ԱԳ նախարարի Սլովենիա կատարած այցի վերաբերյալ հայկական մամուլի լուսաբանումներում առավել շատ տարածվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ արված դիտարկումը: Հաշվի առնելով, որ նմանատիպ մեկնաբանություն նախկինում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եղել է անգամ նախագահի մակարդակով, կարելի է ասել, որ հայկական մամուլի առաջին էջերում Էդվարդ Նալբանդյանի արած հայտարարության հայտնվելը հերթական վկայությունն է այն բանի, որ այս հարցն իրապես գտնվում է մեր հանրության մշտական ուշադրության կենտորոնում: Հանրության մեծամասնության համար անհասկանալի է ռազմավարական դաշնակցի կողմից վերջին երկու-երեք տարիներին հակառակորդ պետությանը զենք վաճառելը եւ այդ հարցում հայկական դիվանագիտության պահվածքը:

Այնուամենայնիվ, ինչպես հաճախ է պատահում, այս հարցի վերաբերյալ եւս լրատվամիջոցների անդրադարձը հիմնականում էմոցիոնալ հարթության մեջ է, այնինչ իրական պատկերը ստանալու համար կարիք կա հիմնահարցի ամբողջական վերլուծության:

Այստեղ կարեւոր է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների վրա:

Նախ, համաձայն ԵԱՀԿ շրջանակներում ընդունված համապատասխան որոշման կառույցի անդամ-պետությունների մեծամասնությունը, այդ թվում՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացում միջնորդ հանդիսացող Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ձեռնպահ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենք վաճառելուց: Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն ՌԴ-ն է, որը ռազմատեխնիկական ոլորտում ակտիվորեն համագործակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:

Հայաստանի հետ այդ համագործակցությունն իրականացվում է սկսած 90-ական թվականներից: Որպես ՀԱՊԿ անդամ Հայաստանը կարող է Ռուսաստանից զենք գնել ներքին շուկայական գներով: Միեւնույն ժամանակ երկու պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է նաեւ երկկողմ ձեւաչափով: Երկար ժամանակ այս հանգամանքը առաջացրել է Ադրբեջանի խորը դժգոհությունը, եւ ադրբեջանցիները մշտապես բարձրաձայնել են, որ անընդունելի է, որ միջնորդներից միակը, որը փաստացի չի հետեւում ԵԱՀԿ շրջանակներում ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենք վաճառելուց ձեռնպահ մնալու հայտարարությանը, իրականացնում է ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն հակամարտության կողմերից մեկի՝ Հայաստանի հետ: Միջազգային տարբեր հարթակներից եւս երբեմն հնչեցվում էին տեսակետներ, որոնք կասկածի տակ էին առնում նման պայմաններում Ռուսաստանի միջնորդ լինելու իրավաչափությունը: Հասկանալի է, որ նման իրավիճակը երկար շարունակվել չէր կարող:

Երկրորդ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ իրականացվող ռազմատեխնիկական համագործակցությունն ըստ էության հանդիսանում է մեր պետության ռազմական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, որի կարեւորությունը նշված է նաեւ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Այն դեպքում, երբ Ադրբեջանի համար ՌԴ-ից զենք գնելը այդ երկրի կողմից նավթային եկամուտների հաշվին խոշոր ծավալներով սպառազինման ուղղություններից մեկն է միայն, քանզի, նա կարող է նույնքան հավակնոտ պայմանագրեր ստորագրել մի շարք այլ երկրների հետ, օրինակ` Իսրայելի: Հետեւաբար, այստեղ պետք է համեմատել առկա իրավիճակը հիպոթետիկ այն  վաճառելու իրավիճակի մասին իրավիճակի հետ, երբ Ռուսաստանը ձեռնպահ է մնում կողմերին ընդհանրապես զենք վաճառելուց (ինչպես ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան): Կարծում եմ ՀՀ ազգային շահերից համենայն դեպս ներկա պայմաններում չի բխում այդ հեռանկարը:

Երրորդ, Ռուսաստանի կողմից տարբեր պետություններին զենք վաճառելը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով կարեւոր տեղ է զբաղեցնում այդ երկրի արտաքին քաղաքականության օրակարգում:

Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության իրականացման վրա իրենց ազդեցությունն են թողնում որոշ գործոններ, որոնց եւ տվյալ երկրի վարած դիվանագիտության հատման կետում մենք ստանում ենք արտաքին քաղաքականության այս կամ այն արդյունքը: Այս պայմաններում դիվանագիտությունը որքան էլ արդյունավետ լինի չի կարող ստեղծել վերը նշված գործոնները, այլ միայն գործառնում է նրանց պայմաններում: Տեսական այս ճշմարտության վկայությունն է նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, որի պարագայում գործոնները հենց վերը թվարկված երեքն են:

Այս պայմաններում հայկական դիվանագիտությունը պետք է գործի ոչ թե ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակությունը ի չիք դարձնելու անիրականանալի ուղղությամբ, այլ փորձի Ռուսաստանի հետ իր սեփական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնել Հայաստանի հետ առավել շահավետ պայմաններում:

Դժվար է ասել, թե որքանով է հայկական դիվանագիտությունն այսօր աշխատում այդ ուղղությամբ եւ, եթե այո, ապա ինչ հաջողությամբ, քանի որ տվյալ հարցը գտնվում է պետական գաղտնիքի տիրույթում եւ բնականաբար չի կարող հասանելի լինել հանրության համար:

Բնականաբար սա չի նշանակում, որ հայ պաշտոնյաները տարբեր հարթակներում չպետք է ռուսական կողմի ուշադրությունը գրավեն այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանին զենք վաճառելը հղի է տարածաշրջանային կայունության համար լուրջ վտանգներով՝ մի բան, որը չի կարող բխել Ռուսաստանի շահերից:

Սա այն իրավիճակն է, որ բնորոշ է Հայաստան-Ռուսատան-Ադրբեջան եռանկյունուն եւ լիովին բացատրվում է միջազգային հարաբերությունների ռեալիստական ուղղության շրջանակներում, որտեղ եռանկյունու կողմերից յուրաքանչյուրը՝ իր կարողությունների եւ շահերի համապատասխան փորձում է առաջ տանել իր օրակարգը:

Արմեն Գեւորգյան