Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած, Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ում բուժվող  բժիշկ, 28-ամյա Խաչատուր Միսակյանն այսօր` մարտի 17-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Խաչատուր Միսակյանը:

«Ես արդեն տանն եմ, վիճակս դեպի լավն է գնում, միայն մի փոքր մեջքս է ցավում»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ նույն հիվանդանոցում բուժում ստացող` վթարից տուժած բուժքույրը եւ վարորդը  տեղափոխվել են հիվանդասենյակ: 

Հիշեցնենք, որ Խաչատուր Միսակյանը գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի թեթեւ սալջարդ, ողերի մի քանի կողմերի ելումների կոտրվածքներ էր ստացել:

Բուժքույրի մոտ արձանագրվել էր գանգուղեղային վնասվածք, դիմային գանգի ոսկորների կոտրվածք, թոքերի թեթեւ սալջարդ, աջից բազուկոսկրի կոտրվածք, ձախից թիակոսկրի կոտրվածք:

«Շտապօգնության» մեքենայի վարորդի մոտ արձանագրվել էր ծանր աստիճանի թոքերի սալջարդ, երիկամների սալջարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: Մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:

Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բուժքույր 29-ամյա Խ. Մ.-ին, բժիշկ 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ  «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին , որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է: