Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ից դուրս գալու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, եւ նա այս պահին շարունակում է մնալ ՀՀՇ անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը՝ հավելելով, որ ըստ կանոնադրության, համապատասխան դիմումը պետք է ներկայացվի ՀՀՇ տարածքային, տվյալ դեպքում՝ Շենգավիթի կազմակերպությանը: Դիմումը ներկայացվելուց հետո տարածքային կազմակերպությունն այն փոխանցում է վարչությանը, որն էլ քննարկման առնելով այն՝ համապատասխան որոշում է կայացնում:
«Կուսակցությունից հեռանալու կամ հեռացնելու որոշումը պետք է հիմնավոր լինի: Սակայն եթե որեւէ մեկը սեփական դիմումի համաձայն որոշում է հեռանալ կուսակցությունից, ապա նրան զոռով պահելն իմաստ չունի»,-նշեց Հայոցյանը: Հարցին, թե արդյո՞ք Կարապետ Ռուբինյանը դիմել է ՀՀՇ 16-րդ համագումարի հաշվիչ հանձնաժողովին՝ վարչության անդամների ընտրության արդյունքների վերահաշվարկ կատարելու պահանջով, Հայոցյանը պատասխանեց, որ` ոչ: Նման դիմում չի ներկայացվել նաեւ ՀՀՇ համագումարի որեւէ պատվիրակի կամ վարչության անդամի կողմից:
Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանը հուլիսի 19-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են»: Այդ հայտարարությունից հետո ՀՀՇ 16-րդ համագումարի հաշվիչ հանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ՝ առաջարկելով Կարապետի Ռուբինյանի կամ համագումարի ցանկացած այլ պատվիրակի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում եռօրյա ժամկետում կատարել ՀՀՇ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկ:
Ի դեպ, Ռուբինյանը «թայմ աութ» է վերցրել եւ չի պատասխանում լրագրողների հարցերին: Նա որոշել է համապատասխան մեկնաբանություններով հանդես գալ մի քանի օրից:




























