«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների սահմանադրականության հարցի՝ գրավոր ընթացակարգով քննարկումը Սահմանադրական դատարանում կազդի դատարանի որոշման վրա: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ» կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:
«ՍԴ-ում գրավոր ընթացակարգով կուտակայինի հարցի քննարկումը կնվազեցնի հանրության իրազեկվածությունը, ինչը նշանակում է, որ նախորդ անգամվա նման չի լինելու՝ հանրային պրոցես չի լինի, եւ վերջում դա ազդեցություն է ունենալու արդյունքների, ՍԴ-ի որոշման վրա»,-ասաց Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիներին այժմ այնքան էլ չի մտահոգում կուտակային կենսաթոշակի հետ կապված հարցերը, քանի որ մասնավոր սեկտորի աշխատողները կուտակային կենսաթոշակ առայժմ չեն վճարում:
«2017թ., երբ բոլորի համար պարտադիր կլինի կուտակայինը, մարդիկ նոր կմտածեն այդ մասին եւ կակտիվանան»,-ասաց նա:
«Դեմ եմ» անդամի խոսքով՝ նախաձեռնությունը դեռեւս ակցիաներ չի նախատեսվում կապված ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների սահմանադրականության հարցի քննության հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Դեմ եմ» շարժումը ՍԴ-ին կոչ է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով` ապահովելու գործընթացի մատչելիությունը եւ թափանցիկությունը:
Նշենք, որ օրենքը ՍԴ-ում քննարկվելու է մարտի 31-ին:





























