Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է, այնուհետեւ կալանավորվել է «Ուրախ եւ տխուր» ընկերության տնօրեն Ռոբերտ Ղազարյան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նա կալանավորվել է մոտ 10 օր առաջ: Քննության շրջանակներում  նույնիսկ  առերես հարցաքննություն է եղել Ճոյտի՝ Հակոբ Հակոբյանի հետ:

Նշենք, որ Ռոբերտ Ղազարյանի ձերբակալության մասին այսօր գրել էր «Ժողովուրդ» թերթը: Իսկ ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ  որ կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդիները` Արմեն և Արայիկ Հակոբյանները, ավելի քան 1ամիս առաջ`փետրվարի 6-ին, առևանգել են իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանիև և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյան քաղաքի ինչ-որ բնակարանում:Այս տեղեկությունը, սակայն, ոչ հաստատվեց, ոչ հերքվեց:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել խափանման միջոցը: