Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ է նվիրել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը բացեց Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը: Իր խոսքում նա նշեց. «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաեւ սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք 100 տարի առաջ Օսմանյան իշխանությունների կողմից ենթարկվեցին զարհուրելի ցեղասպանության: Այսօր վերհիշում ենք պատմության արձանագրած ամենասարսափելի եւ ցավալի մի հիշատակ: Մենք միջազգային հանրությանը եւ աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում կանգնել կողք-կողքի՝ մարդասպանների, դահիճների եւ ահաբեկչության դեմ հանդիման, որոնք սպառնում են Միջին Արեւելքին, որպեսզի կանխենք մարդկության, քաղաքակրթության եւ պատմության նկատմամբ այլ ոճրագործություններ»:

Այնուհետեւ Ջիհադ ալ-Լահամը Ժողովրդական ժողովի պատգամավորներին հրավիրեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցան տարբեր խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորներ եւ մշտական հանձնախմբերի նախագահներ, որոնք խստորեն դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` դատապարտել 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը: