2015թ, ապրիլից Երեւանում ջրամատակարարումը կլինի օրական առնվազն 17 ժամ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Երեւան ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Մուրադ Սարգսյանը։

Նա նշեց, որ խոսքը ոչ թե միջին, այլ նվազագույն ցուցանիշի մասին է։ «Եթե խոսենք միջին ցուցանիշից, ապա 2015թ. փետրվարի տվյալներով՝ բաժանորդների 87.4 տոկոսը օրական 23,5-24 ժամ մշտական ջուր էր ստանում, 10.4 տոկոսը՝ 17-23.5 ժամ եւ միայն 2.2 տոկոսի մոտ է ջրամատակարարումը կազմում մինչեւ 17 ժամ»,- պարզաբանեց Սարգսյանը։

Նշենք, որ խոսքը Երեւանի ավանդական աշխարհագրական սահմանների մասին է, այլ ոչ թե ներկայիս վարչական բաժանման, որը ներառում է Մուշական, Վերին Ջրաշեն, Նոր Խարբերդ բնակավայրերը։ Այստեղ ջրամատակարարումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված գրաֆիկով։

«Իհարկե վարչական առումով նրանք Երեւանի սահմաններում են, սակայն փաստացիորեն քաղաքից դուրս են գտնվում։ Այնտեղ պետք է ջրամատակարարման նոր համակարգ կառուցել, եւ եթե պետությունը կառուցի, մենք իհարկե պատրաստ ենք ջուր մատակարարել»,- նշեց Սարգսյանը։

«Երեւան ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական Veolia Generale des Eaux դուստր ձեռնարկություն) 2006-2015թթ. Երեւանում ջրամատակարարում իրականացնող օպերատորն է։