Որքան մոտենում է սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու գործընթացի մեկնարկի ժամկետը՝ 2015 թ. ապրիլի 24-ը, այնքան նրա հանցավոր գործողություններն ավելի վայրագ ու զանգվածային են դառնում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է

«2014 թ. նոյեմբերի վերջին ռեժիմն առաջին անգամ անցավ կոշտ քայլերի՝ հրկիզելով Շարժման մասնակիցների ավտոմեքենաները, ինչպես նաեւ ֆիզիկական բռնություն կիրառեց այդ մասնակիցներից Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Այնուհետեւ՝ 2015 թ. հունվարի 31-ին, ռեժիմը փորձեց Բերձորում բախումների պատկեր ստանալ, որպեսզի կարողանա սպանել ու ազատազրկել Շարժման ղեկավարներին, սակայն ձախողեց Շարժման մասնակիցների կազմակերպվածության շնորհիվ: Ավելի վատթար ծրագիր էր մշակվել 2015 թ. մարտի 7-ին Գյումրիում իրականացնելու նպատակով, սակայն դարձյալ Շարժման ղեկավարության շրջահայացության շնորհիվ հաջողվեց խուսափել զոհերից եւ այլ աղետալի հետեւանքներից:

Տեսնելով, որ իր լարած ծուղակներում ինքն է հայտնվում, մինչդեռ Շարժման հեղինակությունն օրեցօր աճում է, իսկ ապրիլի 24-ին շատ քիչ ժամանակ է մնացել, ռեժիմը մշակել է նաեւ մեկ ուրիշ հանցավոր ծրագիր:

Մամուլում լուրեր են հայտնվել, որ օտարերկրյա պետությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Վատիկանի, հատուկ ծառայությունները լրացուցիչ տեղեկություններ եւ երաշխիքներ են պահանջել Երեւան ժամանելու դեպքում իրենց պատվիրակությունների անվտանգության համար, քանի որ ըստ իրենց դեսպանություններից ստացված զեկույցների՝ Հիմնադիր խորհրդարանը նախատեսում է ապրիլի 24-ին «խժդժություններ իրականացնել Երեւանում»:

Նման լուրերի տարածումը վկայում են այն մասին, որ ռեժիմը Բերձորի պետական ահաբեկչությանը նախորդած նույն ձեռագրով Շարժման նպատակների խեղաթյուրված ներկայացման, նրա ղեկավարների նկատմամբ ատելության քարոզի եւ այլ ստոր միջոցներով փորձում է սկզբում հրեշացնել նրան, որպեսզի մինչեւ ապրիլի 24-ն ընկած առաջիկա օրերին կարողանա Շարժման ղեկավարների նկատմամբ լայնածավալ բռնությունների միջոցով կանխել նրա հետագա ընթացքը:

Փաստորեն՝ ռեժիմը, անտեսելով մեր առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները, ընտրել է ամեն գնով` անգամ երկիրը ցնցումների տանելու միջոցով, իր հանցավոր ու մահաբեր կառավարումը երկարաձգելու ճանապարհը: Ռեժիմն այլ ելք չի տեսնում, քանի որ Շարժման ծրագիրը եւ դրա իրականացման համար նախատեսվող քաղաքացիական անհնազանդության գործողությունները միանգամայն իրավաչափ են:

Մյուս կողմից՝ Շարժման ղեկավարների նկատմամբ բռնությունները, այդ թվում՝ նրանց ազատությունից զրկելը, երկրից արտաքսելը եւ, առավել եւս՝ նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը, չեն կարող կասեցնել Շարժումը, որովհետեւ այն արդեն բավականաչափ ծավալված է եւ ունի կառավարման ցանցային համակարգ:

Միեւնույն ժամանակ՝ հաշվի առնելով երկրում տիրող ծայրահեղ լարված, պայթյունավտանգ եւ հանգուցալուծում պահանջող իրավիճակը, կարելի է վստահաբար կանխատեսել, որ Շարժումը բռնությամբ կասեցնելու ռեժիմի քայլերը հակառակ արդյունք են տալու, ինչի հետեւանքով քաղաքացիական անհնազանդությունը ոչ միայն ավելի զանգվածային է դառնալու, այլեւ կարող է վերածվել համաժողովրդական ցասման:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ ապրիլի 24-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը չի կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են խափանել օրվա ծրագրով նախատեսված միջոցառումները եւ, առավել եւս՝ սպառնալ օտարերկրյա հյուրերի անվտանգությունը: Շարժման գործողությունները եղել ու այսուհետեւ եւս լինելու են իրավունքի, Սահմանադրության եւ ժողովրդավարության շրջանակներում: Դրանց գլխավոր նպատակը ժողովրդի իշխանության հաստատումն է, այդ թվում՝ ազատ ու արդար ընտրությունների ապահովումը, ինչի համար անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքացիական անհնազանդության իրավաչափ քայլերով հեռացնել հանցավոր ռեժիմին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ռեժիմին կոչ է անում վերջապես ականջալուր լինել բանականության ձայնին, հրաժարվել մարտիմեկերի, բերձորերի եւ գյումրիների միջոցով պետությունը կառավարելուց ու երկիրը ցնցումների տանելու փոխարեն այսօրվանից պատրաստվել հեռանալուն եւ իշխանությունը ժողովրդին հանձնելուն: