Իր ընկերուհու սպանության մեջ մեղադրվող ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Դարսթին նոր մեղադրանքներն են ներկայացրել թմրանյութերի եւ հրազենի ապօրինի պահպանման համար։

Ոստիկանությունը պնդում է, որ Դարսթի հյուրանոցային համարում 113 գրամ մարիխուանա եւ ատրճանակ են գտել։ 71-ամյա միլիարդատիրոջը մտադիր են արտահանձնել Նոր Օռլեանից Քալիֆորնիա։ Սակայն նոր մեղադրանքների կապակցությամբ այս գործընթացը կարող է ձգձվել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Դարսթին մի շարք տարօրինակ անհետացումների եւ սպանությունների մեջ են կասկածում։ 1982թ. անհետացել էր նրա կինը։ 2000թ. սպանվել էր նրա ընկերուհին, 2002թ. Դարսթին դատում էին հարեւանին սպանելու համար, սակայն նրա փաստաբանը կարողացավ ապացուցել, որ միլիարդատերը գործել է ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով։ 

Այս անգամ Դարսթին ձերբակալել էին այն բանից հետո, երբ նա հեռուստահարցազրույցի ժամանակ, մոռանալով միացրած բարձրախոսի մասին, պատահաբար ինքն իրեն ասել էր. «Գրողը տանի, ի՞նչ եմ արել ես։ Իհարկե սպանել եմ նրանց բոլորին»։