Դոնբասի կարգավիճակի մասին Կիեւի որոշումը կոպտորեն խախտում եւ վերաձեւակերպում է մինսկյան պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Գերագույն Ռադան երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկությամբ, ինչն ինձ հատկապես զարմացրեց, որովհետեւ Ուկրաինայի նախագահը փետրվարի 12-ին աջակցել էր մինսկյան փաթեթին, որոշում է կայացրել, որով, ըստ էության, վերաձեւակերպում են պայմանավորվածությունները: Պարզ ասած, դրանով կոպտորեն խախտում են այդ պայմանավորվածությունները, քանի որ այդ որոշումը հատուկ կարգավիճակի կիրառելու մասին օրենքը պայմանավորում է այդ տարածքներն ազատելու անհրաժեշտությամբ, որոնք նրանք անվանում են «օկուպացված», նաեւ այդ տարածքների բնակչության կողմից բոլոր ընտրված անձանց փոխարինելու անհրաժեշտությամբ»,-ասել է Լավրովը:
«Գերագույն Ռադայի որոշումից բխում է, որ հատուկ կարգավիճակի մասին օրենքն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե այդ տարածքները ղեկավարեն Կիեւի համար ընդունելի մարդիկ: Սա բառացիորեն նշանակում է գլխիվայր շրջել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ընդգծել է Լավրովը:





























