ԱԻՄ-ը քաղաքական նոր բեւեռ ստեղծելու եւ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորությունները ճշտելու նպատակով այսօրվանից հանդիպումներ է ունենալու կուսակցությունների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Այսօր կհանդիպենք «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ, Պահպանողական կուսակցության եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հետ։ Մենք հիմնականում համաձայնության եկել ենք, պարբերաբար հանդիպելու եւ միասին հարցեր քննարկելու համար, այսօր հստակեցնելու ենք մեր վերաբերմունքը չակերտավոր Սահմանադրական բերափոխումներ կոչվածի նկատմամբ։ Եթե մինչեւ վերջին շրջանում Սահմանադրական բարեփոխումների մեջ ես չէի տեսնում հայասպանությունը, ապա այս վերջին երկու օրերին պարզ դարձավ, որ սա հայ ազգի քաղաքական սպանության հերթական փորձն է»,-ասաց Պարույր Հայրիկյանը։
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ ՀՀ նախորդ երկու նախագահները Սահմանադրությունն իրենց շահերին են համապատասխանեցրել, ինչը շարունակվում է նաեւ 3-րդ նախագահի կողմից։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը գրել էր Սահմանադրություն, որը միայն իր համար էր։ Մեծ ճիգերով, նաեւ ինքնազոհողության գնով ԱԻՄ-ին հաջողվեց 1998թ. սկսել այդ Սահմանադրությունը բարեփոխելու գործը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մխրճվեց, ինչ-որ բան փոխեց իր օգտին՝ 4 տարով ընտրվող Ազգային ժողովը դարձերց 5 տարով ընտրվող։ Դա բոլոր բռնապետերի ցանկությունն է։ Հիմա եկել է Սերժ Սարգսյանը, մտածում է, որ ժողովուրդը կարող է նախագահ ընտրել, ինչ անել, որ ժողովուրդը նախագահ չընտրի, հենա մենք գյադեքին կհավաքնեք, գյադեքով կընտրենք։ Սրանք ցեղասպանության 100-ամյակին խոսում են քաղաքական միտքը նվազագույնի հասցնելուն, որը նշանակում է ոչնչացում»,-ասաց Պարույր Հայրիկյանը։
Պարույր Հայրիկյանը քննադատեց քաղաքական ուժերին, որոնք Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ միայն իրենց կարծիքն են հայտնում եւ նշեց, որ իրենք բարեփոխումների հայեցակարգ են ներկայացրել ՍԴ, որն անտեսվել է։
«ԱԻՄ-ը հայեցակարգ է ներկայացրել, որը ցույց է տալիս, որ քաղաքացիների դերակատարությունը կարող է ավելանալ միայն բացարձակ ժողովրդավարության համակարգի դեպքում։ Ո՞րն է պատճառը, որ դուք լկտիաբար աշխարհով մեկ հայտարարում եք, թե այլ հայեցակարգ չկա»,-նշեց նա։





























